ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՔՈ ԱՐԱԾԸ ՔՈ ԴՈՒՐՆ ԵԿԱ՞Վ

ՔՈ ԱՐԱԾԸ ՔՈ ԴՈՒՐՆ ԵԿԱ՞Վ
18.05.2010 | 00:00

ԱԺ նիստերը տապալվելու են «գնացել» Մելիք-Ադամյան թիվ 2 հասցեում: Երբ «մեկնում» էինք «դեպքի վայր», հին-բարի օրերի հուշն էր թևածում մոտակայքում. էս էն պատշգամբն է, որի տակով ուսերի վրա պառլամենտ բերեցին տարիների վտարանդիությունից հայրենիք վերադարձած Պարույր Հայրիկյանին, Լևոնն էլ նեղացած, թե` էս ինչի՞ չեք գնում ձեր նոր նախագահին դիմավորեք. էս էն աստիճաններն են, որով բարձրանում էինք բոլորս` Անկախության հռչակագիրն ունկնդրելու. ա՛յ, էս պատուհանի մոտ Վանոյի, էստեղ` Վազգենի հետ հարցազրույց էինք անում, էս էն սեղանն է, որի շուրջը նստում էին Հրանտ Մաթևոսյանը, Արտաշես Թումանյանը, սուրճ խմում ու Հովհաննես Թումանյանից խոսում անվերջ. ա՛յ, էս միջանցքով էինք գնում, ու Հրանտը պատմեց, որ նամակ է գրել Լևոնին, ու նեղացած էր թաքուն` Լևոնը չէր պատասխանել նամակին...
Փոքր-ինչ ուշացումով, երբ երեկ մտանք կառավարության նիստերի դահլիճ, միջանցքներում անտեր-անտեր նստոտած լրագրողներից, որբի նման դես-դեն քայլող պատգամավորներից, ԱԺ-ի շվարած, իրենց տեղը չգտնող աշխատողներից այնպիսի տպավորություն ստացանք, թե ինչ-որ մեկը փորձել է չար կատակ խաղալ առանց այն էլ հումորի ավելցուկի մեջ տվայտող, կյանքի նշաններ ցույց չտվող պառլամենտի հետ:
Բրոունյան յուրօրինակ շարժում էր, որ վերջ չուներ. այն, ըստ ամենայնի, կշարունակվի մինչև աշուն: Ճիշտ է, ասում են` հանուն «օվալի» ընդամենը ԱԺ երկու քառօրյա կտապալվի, սակայն ինչ կմնա այս պառլամենտից մինչև աշուն բրոունյան այս շարժից, Աստված գիտի:
Քիչ հետո մի ուժեղ դմփոց լսվեց. պարզվեց` ԲՀԿ-ի կին պատգամավորներից մեկն ընկել է գետնին: Մի կերպ վեր հանեցին գետնին ընկածին: Հինգ րոպե հետո լրագրողներից մեկն ընկավ գետնին: Նրան էլ հանեցին: Քիչ անց ՕԵԿ ֆրակցիայի ղեկավար Հեղինե Բիշարյանի թևը մտած` Հովհաննես Մարգարյանը խիստ զգո՜ւյշ, մի կերպ առաջ էր տանում` դահլիճում նստեցնելու... Պարզվեց` «մաստիկան» շատ ուժեղ են քսել մանրահատակին, ինչն էլ պատճառ է դարձել խոր «անկումների»:
Իսկ դահլիճում ընդհանրապե՜ս կինո էր. մի պստիկ մոնիտոր էր` վրան անհասկանալի, չերևացող բաներ գրած, որ աղքատ ազգականի նման հանգրվանել էր ԱԺ նախագահության կողքին, իսկ նիստում նախագահողների գլուխներն էլ հազիվ էին երևում, պատգամավորներն էլ էնտեղ աթոռներին չէին երևում, բայց երբ ուշադիր նայեցինք, տեսանք` ըսկի պատգամավոր էլ չկա. զեկուցող Վարդան Այվազյանն էր, հարց տվող Արծվիկ Մինասյանը. դահլիճում ընդմիջումից հետո երեք հոգի էր նստած:
Պատգամավորները ողջ Ադամյան փողոցով մեկ ցրված էին, ոմանց բերման ենթարկեցինք Ֆիրդուսնոցից. հա՜, մերձակա փողոցներում էլ անտերուդուս քայլող լիքը պատգամավորներ տեսանք. ՀՀԿ-ականները փորձում էին պարտկվել քիչ այն կողմ եղող իրենց գրասենյակում, այնտեղ էլ տիտիկ չէին անում, գնում էին, հետո էլի գալիս, դաշնակցականները վազում էին դեպ իրենց գրասենյակ... ՈՒ էսպե՜ս մինչև խոր աշուն, մինչև երկհարկանի «օվալը» պատրաստ լինի ու անսահման ինտելեկտուալ պառլամենտն իրեն արժանի` գերհագեցած, ժամանակակից տեխնիկայով դահլիճում շարունակի նույնքան մտավորական իր այս զբաղմունքը:
Չնայած Մելիք-Ադամյանի հուշակիր դահլիճն էլ շատ խոր մի հմայք ունի. շենքի բակի կողմից որ մի երկու մետր քայլես, կմտնես կառավարության շենք` կդառնաս վարչապետ:
Էլ չենք ասում, որ, մյուս կողմից էլ, եթե երկու մետր քայլես, կմտնես ՀՀԿ, կդառնաս` կուսակցության նախագահի առաջին տեղակալ` քաղաքական հարցերով:
Չէ, մենք հո չե՞նք ասում` սուբլիմացիան այլևս վիզուալ այդպիսի բնույթ է կրում մեզանում: Չենք ասում: Բայց ախր մյուս կողմից էլ` «մաստիկած» միջանցքի պատուհանները նայում են ուղիղ կառավարության պատուհաններին, վարչապետի «կաբինետին»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ